Կա´մ թող որոշ ժամանակ տան, կա´մ սպանդանոցում մորթ չի լինելու. անասնաբույծները երկուշաբթի օրը Կառավարությունից վերջնական պատասխան են սպասելու (տեսանյութ)

14:24   17 Հունվար 2020    564

Անասնաբույծները և մսավաճառները Հայաստանի Կառավարության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել` նշելով, որ կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ բողոքի մասնակիցները կոչ էին անում մինչև սպանդանոցներում մորթը պարտադրելը, ապահովագրել իրենց ապրանքը:

Այսպիսով` երեկվանից անասնաբույծերը սպասում են կառավարության պատասխանին: «Պետք է բարձրանանք վերև, տեսնենք՝ ինչ պատասխան են տալու, չենք գնալու, մինչև պատասխան չտան»,-ասացին բողոքի ակցիայի մասնակիցները:

Նրանք նշեցին, որ համաձայն են, որ ավելի քաղաքակիրթ, անվտանգ լինի մորթը, սակայն խնդիրը վճարների մեջ է: Իրենք դեմ չեն սպանդանոցներին, սակայն ցանկանում են բոլորին հասանելի լինի, բոլոր համայնքներում գործի:

«Մենք գյուղացիներով կորոշենք մեր հետագա քայլերը: Կա´մ թող որոշ ժամանակ տան, կա´մ սպանդանոցում մորթ չի լինելու: Եթե մեզ այսօր չպատասխանեն, մսի հետ կապված որքան մարդ կա, երկուշաբթի, ժամը տասին կլինենք և կտեսնեք, թե հրապարակում որքան մարդ կա»,-ասաց անասնաբույծներից Գարիկ Գևորգյանը և նշեց, որ այսօր խնդրանքով են եկել, սակայն երկուշաբթի սպասում են վերջնական պատասխանի:

Այսպիսով` բողոքի ակցիայի մասնակիցները հեռացան` պայմանավորվելով հավաքվել երկուշաբթի:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները