Եմենի ռազմաբազայի հրթիռակոծման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 116-ի

15:17   21 Հունվար 2020    255

Հունվարի 18-ին Եմենի Մարիբ ռազմաբազան ենթարկվել է հրթիռային հարվածների, սկզբում հայտարարվել էր 60 զոհի մասին:

Այսօր հստակեցվում է, որ հրթիռակոծման հետևանքով զոհվածների թիվը հասել է 116-ի, մեծ մասամբ՝ զինվորականներ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «France Press» գործակալությունը:

Նշվում է, որ այս թիվը կարող է աճել, քանի որ հիվանդանոցներում գտնվող տասնյակ վիրավորների վիճակը գնահատվում է ծանր եւ ծայրահեղ ծանր:

Ռազմակայանը եղել է ուսումնական, հարձակման ժամանակ կիրառվել են բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև՝ անօդաչու թռչող սարքեր: Հարվածներ են հասցվել ոչ միայն ռազմաբազայի, այլեւ տարածքում գտնվող մզկիթի ուղղությամբ, ինչի հետեւանքով զոհերի թվում մեծ մաս են կազմում նաեւ քաղաքացիական անձինք:

Ահաբեկչական հարձակման համար դեռեւս ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել, սակայն Եմենի կառավարությունը եւ Սաուդյան Արաբիան մեղադրում են իրանամետ ապստամբ մի խմբի:

BBC-ն էլ գրում է, որ հրթիռակոծության ենթարկված Մարիբ ռազմաբազան գտնվում է Եմենի կենտրոնում եւ երկրի կառավարական ուժերի վերահսկողության տակ է առնված:

Եմենում արդեն բավական երկար ժամանակ շարունակվող ռազմական գործողությունները հանգեցրել են հումանիտար ծայրահեղ ճգնաժամի: Այժմ 24 միլիոն մարդ կարիք ունի հումանիտար օգնության կամ պաշտպանության:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եմեն  


Վերնագիրի այլ պիտակները