Դավոսում ռուսական հատուկ ծառայությունների գործողություն է կանխվել. Tages-Anzeiger

16:05   22 Հունվար 2020    265

Շվեյցարական հատուկ ծառայությունները 2019 թվականի օգոստոսին Դավոսում, որտեղ անցկացվում է ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովը, վնասազերծել են ռուսական հետախուզության երկու ենթադրյալ լրտեսի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է շվեյցարական Tages-Anzeiger պարբերականը:

Պարբերականի տվյալներով` անվտանգության մարմիններն անցած տարվա օգոստոսին ուշադրություն էին դարձրել երկիր ժամանած երկու ռուսաստանցու վրա: Նրանցից մեկը հայտարարել է, որ ինքը սանտեխնիկ է աշխատում: Ռուսաստանցիները պատրաստվում էին Շվեյցարիայում մնալ երեք շաբաթ, բայց ժամանման հստակ պատճառ չեն կարողացել նշել: Այդ ամենը կասկածներ են առաջացրել իշխանությունների մոտ: Բացի այդ, երկու «զբոսաշրջիկներն» էլ ունեցել են ռուսական դիվանագիտական անձնագրեր: Այս փաստը հաստատել են նաև տեղի ոստիկանությունում:

Պարբերականը գրում է, որ ռուսական կողմը սպառնացել է դիվանագիտական հետևանքներով, եթե ենթադրյալ լրտեսները ձերբակալվեն: Այն հարցին, թե սանտեխնիկներն ինչու դիվանագիտական անձնագրեր ունեն, Բեռնում ռուսական դեսպանատան մամուլի խոսնակը նշել է, որ այդպիսի անձնագրեր միայն Արտգործնախարարության աշխատակիցները չէ, որ ստանում են:

Պարբերականի աղբյուրների տվյալներով` ռուսաստանցիները Դավոսում կարող էին գաղտնալսման կամ հաքերային հարձակման ծրագիր մշակել հունվարյան Համաշխարհային տնտեսական համաժողովի համար:

Սակայն օրերս ֆինանսիստ Ուիլյամ Բրաուդերը հայտարարել է, որ ռուսաստանցիների ենթադրյալ թիրախն ինքն է եղել: Նա կարծում է, որ դա կապված է իր ջանքերի հետ` հետաքննել իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահը, ինչպես նաև ռուսական իշխանություններին նրա մահվան համար մեղադրելու հետ:

«Անցյալ ուրբաթ ինձ հետ կապվել են շվեյցարական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները և տեղեկացրել են, որ իմ անվտանգությանը վտանգ է սպառնում, և այդ վտանգը գալիս է Ռուսաստանից»,-պատմել է Ուիլյամ Բրաուդերը:

Մագնիտսկին մահացել է 2009թ-ին, Ռուսաստանի քրեակատաողրական հիմնարկներից մեկում (նա կալանավորվել էր հարկերից խուսափելու մեղադրանքով): Հետաքննության տվյալներով՝ մահվան պատճառը սրտային անբավարարությունն է եղել: Նրա հարազատներն ու գործընկերները, ինչպես նաև Վաշինգտոնը պնդում են, որ իրավաբանը մահացել է ժամանակին բուժօգնություն չստանալու պատճառով, ինչն արվել է կանխամտածված: Hermitage Capital-ն էլ հայտարարել է, որ նրա մահվան ետևում կանգնած են այն ռուս պաշտոնյանները, որոնց բազմամիլիոնանոց խարդախությունները Մագնիտսկին «ջրի երես էր հանել»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դավոս  


Վերնագիրի այլ պիտակները