Կործանված ուկրաինական ինքնաթիռի սեւ արկղերի վերծանումը կկատարվի Իրանում. Fars

17:54   22 Հունվար 2020    271

Կործանված ուկրաինական ինքնաթիռի սեւ արկղերի գրանցումների վերծանումը կկատարվի Իրանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունվարի 22-ին հայտնել Է Fars իրանական գործակալությունը՝ մեջբերելով Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ քաղաքների զարգացման նախարար Մոհամադ Էսլամիի հայտարարությունը:

Նրա խոսքով՝ «Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական հանրանավի ինքնագրիչների վերծանումը կանցկացվի Իրանի տարածքում»: Էսլամին պարզաբանել Է, որ ներկայում «աշխատանքներ են կատարվում այդ հարցի լուծման համար անհրաժեշտ սարքավորումների եւ ծրագրային ապահովման նախապատրաստման ուղղությամբ»:

Հունվարի 21-ին Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը, հայտնել Է, որ Իրանի իշխանություններն ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից սարքավորում են խնդրել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737-ի սեւ արկղերի վերծանման համար:

Ըստ այդ տեղեկատվության՝ Իրանն անհրաժեշտ տեխնոլոգիաներ չունի Boeing 737 հանրանավերում տեղակայված սեւ արկղերի մոդելից տվյալների վերծանման համար: Հունվարի 20-ին Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պատահարների հետաքննության բաժնի ղեկավար Հասան Ռեզայեֆարը հայտնել Է, որ Իրանի իշխանություններն Ուկրաինային տեղեկատվություն կփոխանցեն Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական հանրանավի ինքնագրիչներից:

Պաշտոնյան նշել Է, որ Իրանը դեռեւս որոշում չի ընդունել ուկրաինական հանրանավի սեւ արկղերն արտասահման ուղարկելու մասին եւ ինքնուրույն կվերծանի օդանավի ինքնագրիչները: Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի Է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո:

Օդանավի կործանման հետեւանքով զոհվել Է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ; Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 11-ին տարածել Է հայտարարություն, որում ընդունել Է, որ ինքնաթիռը սխալմամբ խոցվել Է հակաօդային պաշտպանության հրթիռներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները