Մակրոնն անվտանգության ծառայության հրեա աշխատակցին արգելել է Ֆրանսիային պատկանող եկեղեցի մտնել

12:26   23 Հունվար 2020    244

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երուսաղեմում գտնվելու ժամանակ կշտամբել է Անվտանգության ծառայության հրեա աշխատակցին, որը փորձել է Ֆրանսիային պատկանող եկեղեցի մտնել, գրում է The Guardian-ը` հիշեցնելով, որ նմանատիպ մի դեպք էլ տեղի է ունեցել 1996թ.՝ Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ժակ Շիրակի հետ:

Պարբերականը մանրամասնում է, որ Հոլոքոստի թեմայով միջոցառմանը մասնակցելուց առաջ, Մակրոնը զբոսնել է Երուսաղեմով և կանգ է առել՝ ցանկանալով այցելել Սուրբ Աննայի եկեղեցի, որը 1856թ. Նապոլեոն Բոնապարտին է նվիրել օսմանյան սուլթան Աբդուլ Մեջիդը: Երուսաղեմի հին հատվածում գտնվող եկեղեցին համարվում է ֆրանսիական տարածք, ինչը ենթադրում է, որ Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչներն այնտեղ մուտք գործելու իրավունք չունեն:

«Խնդրում եմ հարգել կանոնները, որոնք դարեր ի վեր գոյություն ունեն և իմ օրոք չեն փոխվելու»,-ասել է Մակրոնը:

Համացանցում տարածված տեսանյութի համաձայն՝ Ֆրանսիայի նախագահն անգլերեն դիմում է հրեա ծառայողին՝ ասելով. «Խնդրում եմ, դուրս եկեք»:

Իսրայելի ոստիկանության ու ներքին հետախուզական ծառայության ղեկավար Շին Բեթը, մեկնաբանելով միջադեպը, մանրամասնել է, որ ըստ նախապես ձեռքբերված պայմանավորվածության՝ իսրայելական անվտանգության ծառայությունը պետք է Մակրոնին ուղեկցեր եկեղեցու ներսում:

Նշվում է, որ Մակրոնը ներողություն է խնդրել միջադեպի համար ու ի նշան հաշտության սեղմել ծառայողի ձեռքը:

Ինչ վերաբերում է Ժակ Շիրակի հետ պատահածին, ապա այն ժամանակ ևս հրեա ծառայողները փորձել էին նախագահի հետ եկեղեցի մտնել, ինչին ի պատասխան Շիրակն ասել էր, որ դա սադրանք է, և որ ինքը հրաժարվում է հրեաների հետ տաճար մտնել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները