Աշխարհի բազմաթիվ օդանավակայաններ սկսել են ստուգել ուղևորներին կորոնավիրուսի կապակցությամբ

17:20   23 Հունվար 2020    290

Աշխարհի տարբեր երկրներում միջազգային օդանավակայանները հսկողության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ:

Այդ մասին հաղորդել է Hayatsk.info-ն ՝ հղում անելով արեւմտյան ԶԼՄ-ներին:

Հունվարի 23-ին Չինաստանից ժամանող ուղեւորների ստուգում սահմանելու մասին հայտարարել է Դուբայի միջազգային օդանավակայանը, որն ամենածանրաբեռնվածներից մեկն է համարվում աշխարհում: Օդային հանգրվանի ղեկավարությունում նշել են, որ մասնագետները, գլխավորապես, չափելու են ուղեւորների ջերմությունը: Հատուկ միջոցառումներ են սահմանվել նաեւ Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում:

Լոնդոնի «Հիթրոու»-ում ինքնաթիռները, որոնք ժամանում են այն երկրներից, որտեղ արդեն գրանցվել են վարակման դեպքեր, տեղավորվում են հատուկ գոտում, որը գտնվում է 4-րդ թերմինալում: Այնուհետեւ անցկացվում են ուղեւորների ստուգումներ՝ համոզվելու, որ նրանցից ոչ ոք հիվանդ չէ:

Մալայզիայի իշխանություններն իրենց հերթին սկսել են բժշկական ստուգումներ անցկացնել իրենց բոլոր սահմաններում, ինչպես նաեւ Քուալա-Լումպուրի օդանավակայանում: Ուղեւորներին, որոնք ավիաչվերթերով ժամանում են Չինաստանից, ստուգում են նաեւ ասիական այլ երկրներում, այդ թվում՝ Ֆիլիպիններում եւ Բանգլադեշում: ԱՄՆ-ի խոշոր օդանավակայաններում նույնպես գործում են անվտանգության խստացված միջոցներ, մասնավորապես, Սան-Ֆրանցիսկոյի, Նյու Յորքի եւ Լոս-Անջելեսի ավիահանգրվաններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները