Թրամփը բացառել է պատժամիջոցների չեղարկման դեպքում Թեհրանի հետ բանակցելը

11:58   26 Հունվար 2020    317

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Իրանի հետ հարաբերություններին և բանակցելու հեռանկարին:

«Իրանի արտաքին գործերի նախարարն ասում է, որ Իրանը ցանկանում է բանակցել Միացյալ Նահանգների հետ, սակայն ուզում է, որ պատժամիջոցները հանվեն: Ո՛չ, շնորհակալություն»,-գրել է ԱՄՆ նախագահը, ով նույն գրառումը հրապարակել է նաև պարսկերեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ երկու պետությունների հարաբերություններն էլ ավելի են սրվել հունվարի 3-ին Բաղդադում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավարի սպանության համար:

Հունվարի 8-ին Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: Թեև իրանական կողմը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել, սակայն Վաշինգտոնը հերքել էր զոհերի մասին տեղեկությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները