Կանադայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել

13:14   26 Հունվար 2020    345

Կանադայում նոր տեսակի կորոնավիրուսի վարակման «ենթադրյալ» առաջին դեպքն է գրանցվել:

Այս մասին հաղորդել են երկրի Առողջապահության նախարարությունից, հաղորդում է РИА Новости-ն:

Հաղորդվում է, որ մոտ 50 տարեկան տղամարդը Չինական Ուհան քաղաքից Տորոնտո է ժամանել հունվարի 22-ին: Ավելի ուշ նա իրեն վատ է զգացել, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Sunnybrook բուժկենտրոնը թվիթերյան իր էջում գրել է, որ տղամարդու մոտ ախտորոշվել է նոր տեսակի կորոնավիրուս: «Պացիենտը կայուն վիճակում է, մեկուսացվել է»,- ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:

Վերջին տվյալներով՝ Չինաստանում վարակման հետևանքով արդեն մահացել է 54 մարդ, վարակման դեպքերը հասել են 1975-ի: Հաղորդվում է նաև Պեկինում 3 բժիշկների վարակման մասին:

Շանհայում իշխանությունները հաստատել են նոր տեսակի կորոնավիրուսով առաջին մարդու մահվան մասին: Այստեղ գրանցվել է վարակման 40 դեպք: Վիրուսից մահացել 88-ամյա տղամարդ, ով առողջական այլ խնդիրներ նույնպես ուներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, ևս մի քանի երկրում վիրուսով հիվանդանալու դեպքերի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները