Amnesty International-ը քննադատել է մերձարեւելյան կարգավորման հարցով Թրամփի ծրագիրը

15:15   29 Հունվար 2020    240

Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկները հակասում են միջազգային իրավունքին եւ չեն նպաստում Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը:

«Մեզ չպետք է մոլորեցնի այն, որ գործարքում նշված տարածքների փոխանակման սկզբունքը ենթադրում է Պաղեստինի տարածքների հետագա անեքսիա, որը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է:

Պաղեստինի հողերի ավելի քան կեսդարյա օկուպացիայի ընթացքում Իսրայելն ամրապնդել է պաղեստինցիների նկատմամբ խտրականության համակարգ՝ հերքելով նրանց հիմնարար իրավունքները… Տվյալ գործարքը նշանակում է կոշտ, հակաօրինական քաղաքականության հաստատում»,- ասել է կազմակերպության՝ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով դեպարտամենտի ղեկավար Ֆիլիպ Լյութերը:

Կազմակերպությունը միջազգային հասարակությանը կոչ է արել մերժել ԱՄՆ նախագահի նախաձեռնությունները:

Հունվարի 28-ին Թրամփը հայտարարել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցով այսպես կոչված «դարի գործարքի» առանցքային դրույթների մասին: Դրույթների թվում են Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը պաղեստինական տարածքներում արդեն հայտնված հրեական բնակավայրերի նկատմամբ, ինչպես նաեւ զինված պայքարից արաբական պետության հրաժարումը: Բացի այդ, Վաշինգտոնում առաջարկել են «անբաժանելի» Երուսաղեմը դարձնել Իսրայելի մայրաքաղաք, իսկ «Արեւելյան Երուսաղեմը»՝ Պաղեստինի մայրաքաղաք:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հավանություն է տվել Թրամփի առաջարկին եւ պատրաստակամություն հայտնել անհապաղ սկսել պաղեստինցիների հետ խաղաղ բանակցությունները: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը եւ «ՀԱՄԱՍ» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները վճռականորեն մերժել են ԱՄՆ նախագահի առաջարկները:

Hayatsk.info

Հեշթեգներ: AmnestyInternational  


Վերնագիրի այլ պիտակները