Չինաստանը պատմել է, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքի վրա

11:25   15 Փետրվար 2020    301

ԱՄՆ-ն կորոնավիրուսի տարածման հետևանքով ոչ անհրաժեշտ սահմանափակումներ է մտցրել Չինաստանի նկատմամբ, որը մի շարք անհարմարություններ է ստեղծում առևտրային գործարքի առաջին մասի իրականացման հարցում, Վաշինգտոնը պետք է հիշի իր ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Իի տարածած հայտարարությանը:

«Չինաստանն այն երկիրն է, որն առանց շեղումների կատարում է իր խոստումները, եթե համաձայնության ենք եկել, ուրեմն պահում ենք մեր խոստումը: Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական համաձայնագրի առաջին փուլին հասել ենք իրավահավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա, մենք պատրաստ ենք իրականացնել գործարքը, որպեսզի համաձայնությունն իրապես շահավետ լինի Չինաստանի, ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի համար»,- հայտարարել է նախարարը:

Ըստ նախարարի` կորոնավիրուսի համաճարակը ժամանակավոր ազդեցություն կունենա չինական տնտեսության վրա, սակայն, երբ երկիրը հաղթահարի վարակի բռնկումը, արագորեն կվերականգնվի ինչպես սպառողական պահանջարկը, այնպես էլ Չինաստանի տնտեսության զարգացման ներքին թափը, և չինական շուկան կշարունակի ընդլայնվել:

Արտաքին գործերի նախարարը ցավով նշել է, որ ԱՄՆ-ն ներկայում ամբողջությամբ սահմանափակել է երկու երկրների միջև փոխանակումը, «ինչն օբյեկտիվորեն անհարմարություններ է ստեղծում համաձայնագրի իրականացման համար»:

«Հուսով ենք, որ Միացյալ Նահանգները կքննարկի ԱՀԿ խորհուրդներին հետևելու հարցը և կխուսափի փոխադրման և առևտրի համար ավելորդ սահմանափակումներ մտցնելուց: Այս համաձայնագրի իրականացումը երկու կողմերի պարտավորությունն է…»,-ընդգծել է Վան Ին:

ԱՄՆ-ն և Չինաստանը հունվարի 15-ին ստորագրել են առևտրի մասին համաձայնագրի առաջին մասը, որի համաձայն` Վաշինգտոնը պահպանել է մոտ 250 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների համար 25% և 120 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների 7,5% մաքսատուրքերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները