ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում պաշտոնապես թույլատրվել է թուրբան և հիջաբ կրել

13:32   15 Փետրվար 2020    292

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը փոփոխություններ են մտցրել զինծառայողների արտաքին տեսքը կարգավորող կանոններում և հեշտացրել են մահմեդականներին և սիկխերին կրոնական հագուստի տարրեր կրելու թույլտվություն տալու գործընթացը, հաղորդում է CNN-ը:

Բացառությունները վերաբերում են թուրբաններին, հիջաբներին, ինչպես նաև մորուք և երկար մազեր ունենալու թույլտվությունների տրամադրմանը: Մահմեդականներին և սիկխերին ծառայության ընթացքում նման թույլտվություն կտրվի՝ «կոկիկ և պահպանողական» արտաքին տեսք ունենալու պայմանով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համաձայն նոր փոփոխությունների, ԱՄՆ-ում ծառայող զինծառայողների դիմումների քննարկման գործընթացը չի գերազանցի 30, մյուս դեպքերում՝ 60 օրը: Մինչ այժմ սիկխերն ու մահմեդականները կարող էին միայն անհատական կարգով հրամանատարությունից թույլտվություն խնդրել կրոնական որոշակի հագուստներ կրելու համար, և այդ գործընթացը հաճախ երկար ժամանակ էր պահանջում:

Սիկխերի և մահմեդականների իրավապաշտպան կազմակերպությունները ողջունել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի որոշումը՝ այն անվանելով քայլ՝ ճիշտ ուղղությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները