«ԱՄՆ-ն ուզում է մեկ քայլով լուծել ժամանակակից աշխարհի ամենահին հակամարտություններից մեկը». Լավրով

10:58   17 Փետրվար 2020    496

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, ըստ էության, անտեսել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգայնորեն ճանաչված մոտեցումը, ինչը դժվար թե օգնի իրավիճակին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Stampa պարբերականին:

«ԱՄՆ-ն իր ոճով առաջարկել է «մեկ քայլով» լուծել ժամանակակից աշխարհի ամենահին հակամարտություններից մեկը: Միևնույն ժամանակ Վաշինգտոնում, ըստ էության, անտեսել են մերձարևելյան կարգավորման համընդհանուր ճանաչված միջազգային-իրավական բազան, որը ներառում է Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձևերը»,-իտալական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարարը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ծրագիրը ենթադրում է միակողմանի զիջումների միջոցով պաղեստինյան տարածքների «վերջնական կարգավիճակի» բոլոր առանցքային հիմնախնդիրների (սահմաններ, բնակավայրեր, Արևելյան Երուսաղեմ, փախստականներ) լուծում և այդ ամենը՝ հօգուտ Իսրայելի:

«Դժվար թե նման մոտեցումն օգնի իրավիճակի կարգավորմանը: Դա է վկայում նաև այն, որ, այսպես կոչված, «դարի գործարքը» ամբողջովին մերժվում է պաղեստինցիների կողմից»,-ասել է Լավրովը:

Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»: Հրապարակված քարտեզով՝ Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով: Ըստ Թրամփի առաջարկած քարտեզի՝ սիրիական Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք են հանդիսանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները