ԱՄՆ Միսիսիպի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղների պատճառով

13:25   17 Փետրվար 2020    210

Ամերիկյան Միսիսիպի նահանգում հորդառատ անձրևների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել: Նահանգի մայրաքաղաք Ջեքսոն քաղաքում հեղեղվել են մի շարք շրջաններ, Փերլ գետը դուրս է եկել ափերից, ջրի մակարդակը գետում գերազանցել է 11 մետրը և շարունակում է բարձրանալ:

Ջեքսոնի օդերևութաբանական ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին անգամ գետում ջրի մակարդակը այսչափ բարձրացել էր 1983 թվականի հորդառատ անձրևների ժամանակ: Նահանգի իշխանությունները նշել են, որ գետի վարարումը լուրջ վտանգ է ներկայացնում: Նահանգապետ Թեյթ Ռիվզը փետրվարի 15-ին արտակարգ դրություն է հայտարարել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փետրվարի 15-ին բացվել են նաև գետի հեղեղատար համակարգերը, ինչը հանգեցրել է ջրի լրացուցիչ ներհոսքի դեպի քաղաք:

«Սա պատմական, աննախադեպ ջրհեղեղ է: Կանխատեսվում է, որ այն կարող է դառնալ մեր նահանգի երրորդ ամենավատ ջրհեղեղը: Ես արտակարգ դրություն եմ հայտարարել, որպեսզի գործի դնենք բոլոր ռեսուրսներն ու օգնենք Միսիսիպիի տուժած բնակիչներին»,-հայտարարել է Ռիվզը:

Ջեքսոնի մի քանի թաղամասերում իշխանությունները պարտադիր տարհանում են հայտարարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները