Թրամփը ԿՀՎ-ին ստիպել է գտնել և սպանել Բեն Լադենի որդուն՝ անտեսելով ավելի առաջնային թիրախները

19:56   17 Փետրվար 2020    289

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին երկու տարիների ընթացքում հետախուզության աշխատակիցները նրան տեղեկացրել են ԱՄՆ-ի համար առավել մեծ ահաբեկչական վտանգների մասին և նշել ամենավտանգավոր ահաբեկիչների անունները, որոնց Կենտրոնական հետախուզական վարչությունը փորձում էր գտնել ու սպանել:

ԿՀՎ թիրախների շարքում էր «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավար Այման ալ-Զավահրիին, գրում է nbcnews.com կայքը: Սակայն քաջատեղյակ երկու աղբյուրի փոխանցմամբ՝ թիրախների ցանկում նախագահ Թրամփին հետաքրքրում էր ավելի երիտասարդ և քիչ ազդեցիկ անձ, քանի որ նրա անունը Թրամփին ծանոթ էր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նա ասաց. «Ես երբեք չեմ լսել այս մարդկանցից ոչ մեկի մասին: Ի՞նչ կասեք Համզա բեն Լադենի մասին»,-պատմել է նախկին պաշտոնյաներից մեկը՝ մանրամասնելով, որ խոսքն ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի որդու մասին էր: «Դա միակ անունն էր, որ նա գիտեր»,-ավելացրել է Պենտագոնի պաշտոնյան: Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ-ն 2018 թվականին ի վերջո օդային հարված հասցրեց, որը սպանեց Համզա բեն Լադենին: Սկզբում պաշտոնյաները տեղեկություն չունեին նրա ճակատագրի վերաբերյալ, սակայն ավելի ուշ նրա մահվան լուրը հաստատվել էր:

Այս դեպքը լույս է սփռում նրա վրա, թե ինչպես է ԱՄՆ նախագահը մոտենում այն հարցին, ինչը ԱՄՆ նախագահների գլխավոր պարտականություններից մեկն է դարձել սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո. ԱՄՆ-ի թշնամիների ցանկից ում ընտրել ու մահվան դատապարտել: Թրամփի ոչ վաղ անցյալի որոշումը (թիրախավորել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին` հաշվի չառնելով հետախուզական տվյալները, ըստ որի Իրանը վրեժխնդիր կլինի նրա մահվամ համար) խիստ բնութագրիչ է Թրամփի համար:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան ավիահարվածի հետևանքով սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները