Չինաստանում սկսել է աշխատել ԱՀԿ-ի՝ կորոնավիրուսի բռնկման հետաքննության միջազգային խումբը

20:35   17 Փետրվար 2020    349

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ նոր կորոնավիրուսի բռնկման հետաքննության միջազգային խումբը ժամանել է Չինաստան:

Այդ մասին փետրվարի 17-ին հայտնել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Իմ ունեցած տեղեկատվության համաձայն՝ նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկման հետաքննության գծով ԱՀԿ-ի և Չինաստանի համատեղ խումբն արդեն ժամանել է Պեկին և սկսել համապատասխան աշխատանքը: Խմբում ներառված են նաև ամերիկացի փորձագետներ, նրանք ստուգումներ կանցկացնեն Պեկինում, ինչպես նաև Գուանդունի և Սիչուանի նահանգներում»,-հայտնել է Գեն Շուանը բրիֆինգում:

Փետրվարի 14-ին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ ԱՀԿ-ի միջազգային խումբը բաղկացած կլինի 24 չինացի և օտարերկրյա փորձագետներից: Ավելի վաղ Չինաստան է ժամանել ԱՀԿ-ի փորձագետների առաջապահ խումբը՝ ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Էյլվարդի գլխավորությամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները