Չինաստանում հերքել են ժամանակավոր հիվանդանոցներից մեկի գլխավոր բժշկի մահվան լուրը

20:58   18 Փետրվար 2020    330

Չինական Հուբեյ նահանգի առողջապահության դեպարտամենտի ղեկավարը հերքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե Ուհան քաղաքի ժամանակավոր հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկը մահացել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման հետևանքով, գրում է Daily Mail-ը:

Հաղորդվում է, որ բժիշկ Լյու Չժիմինն իրականում ողջ է, սակայն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ շատ ծանր վիճակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ չինական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում, որը համարվում է նոր տեսակի կորոնավիրուսի էպիկենտրոնը, մահացել է ժամանակավոր հիվանդանոցներից մեկի ղեկավար Լյու Չժիմինը: «COVID19-ով վարակված, Ուչան հոսպիտալի տնօրեն Լյու Չժիմինը մահացել է փետրվարի 17-ին: Նա բժշկական հաստատության առաջին ղեկավարն է, որը մահացել է կորոնավիրուսի հետևանքով»,- գրել էին չինական լրատվամիջոցները:

Ընդհանուր առմամբ՝ Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1770 մարդ, նրանցից 1696-ը՝ Հուբեյ նահանգում: Ընդ որում՝ հիվանդանոցներում են 58 հազար մարդիկ, նրանցից 8 հազարը ծանր վիճակում են, իսկ ավելի քան 1700-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում: Ավելի քան 6.5 հազար վարակված բուժվել է: Փորձագետները վստահեցնում են, որ համաճարակի գագաթնակետն արդեն անցել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները