Ավստրալիայում մանկապիղծը դատարանի վճռով իր զոհին ավելի քան 800 000 դոլար փոխհատուցում կվճարի

11:35   19 Փետրվար 2020    277

Ավստրալական Մելբուռն քաղաքում դատարանը հրապարակել է սեռական ոտնձգության զոհ դարձած Մենի Վակսի ներկայացրած քաղաքացիական հայցի գործով վճիռը, որի համաձայն՝ մանկապիղծ Դևիդ Սայփրըսը պետք է 804 170 դոլար փոխհատուցում վճարի տուժած կողմին:

Ինչպես նշում է theguardian.com-ը, Վակսը եղել է 13 տարեկան, երբ առաջին անգամ Էլվուդի սինագոգում դարձել է Սայփրըսի ոտնձգության զոհ: Նույնը կրկնվել է նաև Մելբուռնի Եշիվայում (բարձրագույն կրթական ուսումնարան հուդայականությունում, որտեղ հիմնականում ուսանում են ավանդական կրոնական տեքստեր՝ Թալմուդ և Թորա), որտեղ մանկապիղծը մի քանի պաշտոն է զբաղեցրել՝ շփվելով դեռահասների հետ:

Հայտնի է, որ Վակսի նկատմամբ նրա ոտնձգությունները տևել են երկու տարի՝ մինչ 1990թ.:

Աղբյուրը մանրամասնում է, որ նախկինում Սայփրըսը մեղավոր է ճանաչվել այլ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համար: Սակայն նրա բոլոր զոհերը դատի են տվել Եշիվա կենտրոնին, մինչդեռ Վակսն առաջինն է, ով հայցը հենց մանկապիղծի դեմ է ներկայացրել:

Դատավորն իր վճռում նշել է, որ «մանկապիղծի գործողությունները հոգեբանական լուրջ վնաս են հասցրել Վակսին՝ ստիպելով նրան ստորացված զգալ»:

Ներկայում Իսրայելում բնակվող Վակսը փորձում է օգնել իր իրավիճակում հայտնված մյուս հրեաներին:

«Ես վճռական էի Սայփրըսի հարցում արդարության հաստատման հասնելու համար: Ես դա պետք է անեի ցանկացած միջոցով: Այս սերիական մանկապիղծը երբեք ափսոսանք չի հայտնել և պատասխանատվություն չի ստանձնել այնքան շատ երեխաների նկատմամբ իր կործանարար բռնության համար»,-ասել է Վակսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները