«Կարող ենք դա անել ամեն րոպե». Էրդողան

14:32   19 Փետրվար 2020    335

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան բավարար արդյունքի չի հասել Իդլիբի հարցով Ռուսաստանի հետ բանակցություններում և պատրաստ է ռազմական գործողություններ սկսել այդ տարածաշրջանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» լրատվականը:

«Եթե այն երկրները, որոնց հետ մենք բանակցություններ ենք վարում, չանեն Իդլիբում այն, ինչ պետք է, մենք ինքներս դա կանենք: Մենք դեռևս չենք ստացել բանակցությունների այն արդյունքը, որը մեզ կգոհացնի: Մենք պատրաստ ենք սեփական ռազմական գործողությանն Իդլիբում, դա միայն ժամանակի հարց է, կարող ենք սկսել ամեն րոպե, դա մեզ համար կենսական կարևորություն ունեցող գործողություն է»,-հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ:

Թուրք առաջնորդն ավելացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Թուրքիայի հնարավոր գործողություններն Իդլիբում:

«Մենք Իդլիբը չենք թողնի ռեժիմին, այն դեռևս չի հասկանում մեր վճռականությունը: Մենք վճռական տրամադրված ենք Իդլիբն անվտանգ վայր դարձնել թե՛ խաղաղ բնակիչների, թե՛ Թուրքիայի համար, և մենք դա կանենք ամեն գնով»,-նշել է Թուրքիայի նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները