Պեկինում մեկնաբանել են Ռուսաստանի կողմից Չինաստանի քաղաքացիների մուտքի արգելքը

15:58   19 Փետրվար 2020    330

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը հայտարարել է, որ Ռուսաստանն իրենց տեղեկացրել էր կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես Չինաստանի քաղաքացիների մուտքը ՌԴ արգելելու մտադրության մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Ռուսական կողմն ընդգծել է, որ վճռականորեն աջակցում է Չինաստանին համաճարակի դեմ պայքարում, ինչպես նաև հավատացած է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը կարող է հաղթել այս պայքարում, սակայն տեղեկացրել է, որ կանխարգելիչ միջոցառումների իրականացման և սեփական տարածքում համաճարակը վերահսկելու նպատակներով որոշակի սահմանափակող քայլեր կձեռնարկի»,-ասել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանը փետրվարի 20-ից ժամանակավորապես կարգելի Չինաստանի քաղաքացիների մուտքը երկիր: Խոսքը նրանց մասին է, ովքեր Ռուսաստան են մեկնում աշխատելու, սովորելու, զբոսաշրջության և մասնավոր նպատակներով:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեկին  


Վերնագիրի այլ պիտակները