ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում. Իլհամ Ալիև

20:25   20 Փետրվար 2020    341

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:

«Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի շրջանակներում: Միջազգային իրավունքի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մասն է: Դրա համար էլ, այս հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», - ասել է Իլհամ Ալիևը՝ Հռոմում Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարությունը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հակասական և անպատասխանատու հայտարարություններով:

Նա շնորհակալություն է հայտնել իր իտալացի գործընկերոջը՝ ԼՂ հարցում պաշտոնական Բաքվի դիրքորոշմանն աջակցելու համար:

«Այսօր մենք քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Իտալիան և Ադրբեջանն աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը: Հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա», - հավելել է Ադրբեջանի առաջնորդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները