ԵՄ առաջնորդները կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները Իդլիբ նահանգում

11:14   21 Փետրվար 2020    263

ԵՄ անդամ 27 երկրների առաջնորդները Սիրիայի հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Իդլիբ նահանգում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասված է պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հայտարարության մեջ, որոնք ուրբաթ օրը արտահերթ ժողով են անցկացնում Բրյուսելում:

«Սիրիական ռեժիմի եւ Իդլիբում իր աջակիցների նոր ռազմական հարձակումը, որն իր հետ հսկայական մարդկային տառապանքներ բերեց, անընդունելի է: ԵՄ-ն բոլոր կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- նշվում է հայտարարության մեջ:

Փաստաթղթում ընդգծվում է, որ հակամարտության կողմերը պետք է ամբողջությամբ կատարեն սիրիական կարգավորման վերաբերյալ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում ստանձնած իրենց պարտավորությունները: «ԵՄ-ն կրկին ամենավճռական կերպով բոլոր կողմերին կոչ է անում ապահովել կայուն հրադադարի հաստատումը, երաշխավորել քաղաքացիական անձանց պաշտպանությունը եւ լիովին կատարել իրենց պարտավորությունները 2018 թվականի սեպտեմբերի 17-ի Սոչիի հուշագրի շրջանակներում»,- նշվում է դրանում:

Բացի այդ, ԵՄ առաջնորդները կոչ են արել «անախոչընդոտ եւ ուղիղ հումանիտար հասանելիություն ապահովել բոլոր կարիքավորների համար»: «Պատասխանատվությունը միջազգային հումանիտար իրավունքի եւ մարդու իրավունքների իրավունքի խախտումների համար էական առաջնահերթ նշանակություն ունի: Ուստի ԵՄ-ն կրկին կոչ է անում Սիրիայում իրավիճակը փոխանցել Միջազգային քրեական դատարանի քննմանը: ԵՄ-ն հանձնառու է ուժեղացնել իր մարդասիրական օգնությունը Իդլիբի ամենախոցելի քաղաքացիական բնակչության համար»,- նշվում է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները