Շոյգուն Սիրիա կատարած ուղևորությունից հետո կորոնավիրուսի թեստ է հանձնել

12:07   24 Մարտ 2020    282

Սիրիա կատարած ուղևորությունից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ռուսական պատվիրակության մնացյալ անդամները կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ են հանձնել, որի պատասխանները բացասական են եղել, հայտնում է tvzvezda.ru-ն։

Կայքի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես են բուժաշխատողները նախարարի բերանի խոռոչից քսուկ վերցնում։ Նման կերպ բուժաշխատողները ստուգել են անձնակազմի և Պաշտպանության նախարարության պատվիրակության մնացյալ անդամներին։

Սիրիայում Շոյգուն բանակցություններ է վարել առաջնորդ Բաշար ալ Ասադի հետ։ Կողմերն Իդլիբում կրակի դադարեցման և Սիրիայի այլ շրջաններում իրավիճակի կայունացման մասին հարցեր են քննարկել։

Մարտի 23-ին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 438-ի։ Վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակման 71 նոր դեպք։ Վարակվածների մեծ մասը գտնվում է մայրաքաղաքում։ Երկրում հիվանդության հետևանքով մահվան որևէ դեպք չի գրանցվել։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 382 000-ի, որից 16 558-ը մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 102 000 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   Շոյգու  


Վերնագիրի այլ պիտակները