Թրամփը հայտարարել է ՌԴ-ի և Ս. Արաբիայի հետ նավթային բանակցությունների մեկնարկի մասին

10:08   01 Ապրիլ 2020    189

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան պատրաստվում են քննարկել նավթի համաշխարհային գները բարձրացնելու հարցը, գրում է ria.ru-ն։

«Նրանք (ՌԴ-ն և Սաուդյան Արաբիան) ծրագրում են մի սեղանի շուրջ նստել, մենք բոլորս ծրագրում ենք մի սեղանի շուրջ նստել, որպեսզի գնահատենք՝ ինչ կարող ենք անել, քանի որ չենք ցանկանում կորցնել նավթի արդյունաբերությունը, հազարավոր ու հազարավոր աշխատատեղեր»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թրամփը։

Նա խոստովանել է, որ նավթի ցածր գները մի կողմից օգնում են ամերիկյան ավիաընկերություններին, իսկ մյուս կողմից վնաս են հասցնում ամերիկյան նավթային արդյունաբերությանը։

«Այդ երկու երկրները քննարկում են այդ հարցը։ Ես կմիանամ, եթե անհրաժեշտ լինի»,- հավելել է նախագահը։

Նա նշել է, որ «լավ զրույց» է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամեդ բեն Սալմանի հետ։

Նավթի գները սկսել են նվազել կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, ճգնաժամը հարված է հասցրել նավթի համաշխարհային պահանջարկին: Գներն անկում են գրանցել ՕՊԵԿ + գործարքի ձախողումից հետո, երբ Ռուսաստանը չի ընդունել առաջարկվող պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան ու գործընկերները հրաժարվել են երկարաձգել նավթի արդյունահանման մակարդակի կրճատումը: Արդյունքում ապրիլի 1-ից համաձայնության մասնակից կողմերը ազատվում են նավթի արդյունահանման որևէ պարտավորություններից և ծրագրում են բարձրացնել արդյունահանման մակարդակը:

Ամենածայրահեղն արձագանքել է հենց Սաուդյան Արաբիան, որը խոստացել է նավթի մատակարարումն ավելացնել մեկ օրում 3 միլիոն բարելով, ինչպես նաև ռեկորդային զեղչ է խոստացել վերջին տասնամյակների համար: Այսպիսով՝ թագավորությունը մտադիր է ավելացնել իր բաժինը շուկայում և դուրս թողնել մրցակիցներին`առաջին հերթին Ռուսաստանին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները