Թրամփը մեղադրել է Նյու Յորք նահանգին կորոնավիրուսի դեմ պայքարն ուշ սկսելու համար

12:08   01 Ապրիլ 2020    207

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Նյու Յորքի և Նյու Ջերսիի իշխանություններին կորոնավիրուսի դեմ պայքարն ուշ սկսելու համար, գրում է Daily Mail պարբերականը։

«Ինչ-որ պատճառով Նյու Յորքն ուշ է սկսել, և տեսնում եք, թե ինչ է տեղի ունենում, երբ ուշ են մեկնարկը տալիս»,- նշել է Թրամփը։

«Նյու Ջերսին նույնպես ուշ սկսեց, սակայն կարծում եմ, որ երկու նահանգապետերն էլ այժմ հրաշալի աշխատանք են կատարում, բայց միևնույն է՝ ուշ են սկսել»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ Վաշինգտոն և Կալիֆոռնիա նահանգները պատշաճ պատասխան միջոցառումներ են ձեռնարկել համավարակի կանխարգելման ուղղությամբ։

Սպիտակ տան՝ կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների համակարգող Դեբորա Բիրքսն իր հերթն խորհուրդ է տվել համավարակից տուժած այլ նահանգներին հետևել Վաշինգտոնի և Կալիֆոռնիայի ձեռնարկած գործողություններին։

«Կալիֆոռնիան և Վաշինգտոնը շատ վաղ են արձագանքել այս ամենին։ Վաշինգտոն նահանգում են գրանցվել ամենավաղ դեպքերը»,- փաստել է Բիրքսը։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 188 592 դեպք, որից 4055-ը՝ մահվան ելքով։ Երկրում հիվանդությունից ապաքինվել է 7251 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 859 338 դեպք, 42 334-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 178 125 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները