Թրամփն ընդունել է, որ երկրում պաշտպանիչ սարքավորումների պաշարները գրեթե սպառվում են․ The Guardian

14:15   02 Ապրիլ 2020    444

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է, որ ԱՄՆ կառավարության՝ պաշտպանիչ սարքավորումների պաշարները գրեթե սպառվում են կորոնավիրուսի համավարակի հետևանքով գոյացած մեծ պահանջարկի պատճառով, գրում է The Guardian պարբերականը։

Պաշարների անբավարարության մասին առաջինը հայտնել էր The Washington Post-ը՝ պարզաբանելով, որ բժշկական դիմակների, ձեռնոցների և այլ բժշկական պարագաների պաշարները քիչ են։

Աշխատանքների վատ համակարգման համար քննադատության արժանացած Թրամփը չորեքշաբթի հաստատել է ասվածը և նշել․ «Պատճառն այն է, որ սարքավորումները միանգամից հիվանդանոցներ ենք ուղարկում։ Չենք ցանկանում, որ պահեստներ բերվեն, քանի որ այնտեղ հասնելուց հետո դրանք պետք է տարբեր նահանգներ ու հիվանդանոցներ ուղարկվեն»։

Նախագահը հորդորել է նահանգներին պաշտպանիչ սարքավորումները միանգամից ձեռնարկություններից գնել և հավելել․ «Մենք տարբեր տեսակի սարքավորումների մեծ ձեռնարկություններ ունեցող նահանգներին խնդրել ենք օգտագործել տեղական գործարանները, տեղի այդ մասնաճյուղերը և կազմակերպել աշխատանքներն այնպես, որ ապրանքներն ուղղակիորեն առաքվեն հիվանդանոցներ»։

Նախագահն ընդգծել է, որ ներկայում մոտ 10 000 արհեստական շնչառական համակարգ կա, և նշել, որ Ազգային գվարդիան թույլատրել է սարքավորումներն անհրաժեշտության դեպքում հիվանդանոցներ առաքել։

Մեջբերելով Ներքին անվտանգության նախարարության պաշտոնյաների խոսքը՝ The Washington Post-ը հայտնել էր, որ ազգային պաշարների սպառումը հանգեցրել է Սպիտակ տան և նահանգների միջև պաշտպանիչ սարքավորումների համար մրցակցության։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 936 204 դեպք, 47 249-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 194 578 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները