Բիլ Գեյթսը հայտնել է, թե կորոնավիրուսի հաղթահարման համար որոնք պետք է լինեն ԱՄՆ կառավարության հետագա քայլերը

17:11   04 Ապրիլ 2020    205

Ամերիկյան Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը հորդորել է SARS-CoV-2 վիրուսի տարածումը կանխելու համար հետևողական լինել կարանտինի հարցում:

Այս մասին հայտնի է դառնում գործարարի՝ The Washington Post-ին տված հարցազրույցից։ Բիլ Գեյթսը քննադատել է ԱՄՆ բոլոր այն նահանգապետերին, որոնք մարդկանց տեղաշարժի սահմանափակման միջոցառումներ չեն ձեռնարկել մինչև այժմ։

Հայտնի է, որ ԱՄՆ հինգ նահանգում դեռևս բնակիչներին չեն հորդորել տանը մնալ, իսկ յոթում կարանտինային ռեժիմ սահմանվել է միայն որոշ շրջաններում։ «Այս թեմայով խառնաշփոթը միայն կերկարացնի տնտեսական խնդիրները, կավելացնի վիրուսի կրկնվելու հավանականությունը և ավելի շատ մահերի կհանգեցնի»,- նշել է նա։

Գեյթսը կարծում է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է արագացնի բնակչությանը և առաջին հերթին բուժաշխատողներին թեստավորելու հարցը, ինչպես նաև կենտրոնանա պատվաստանյութի ստեղծման վրա։

«Այդ պարագայում մենք պատմության մեջ պատվաստանյութի ամենաարագ ստեղծման դեպքին ականատես կլինենք։ Արդեն հիմա կարելի է սկսել գործարաններ կառուցել, որտեղ այդ պատվաստանյութերը կարտադրվեն, և գնել տարբեր դեղամիջոցների պատրաստման համար անհրաժեշտ սարքավորումներ։ Այս գործում կարևոր դեր պետք է կատարի դաշնային կառավարությունը, քանի որ մասնավոր ընկերությունները չեն կարող իրենց վրա նման ռիսկ վերցնել»,- կարծում է Գեյթսը։

Սա առաջին անգամը չէ, որ Գեյթսը քննադատում է ԱՄՆ կառավարությանը։ Անցյալ շաբաթ նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ օպերտիվությամբ չի հայտնել ինքնամեկուսացման անհրաժեշտության մասին։ Հայտնի է, որ գործարարը դեռևս հինգ տարի առաջ էր կանխատեսել, որ մարդկության համար ամենամեծ սպառնալիքներից են համարվում վիրուսները, որոնց դեմ պայքարին աշխարհը դեռևս պատրաստ չէ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Բիլ-Գեյթս  


Վերնագիրի այլ պիտակները