Արգենտինայի նախկին փոխնախագահին բանտից տեղափոխել են տնային կալանքի

15:44   07 Ապրիլ 2020    396

Արգենտինայի դաշնային դատարանը երկուշաբթի որոշել է երկրի նախկին փոխնախագահ Ամադո Բուդուին, որը կոռուպցիայի վերաբերյալ գործով դատապարտվել է 5 տարի 10 ամիս ժամկետով բանտարկության, տեղափոխել տնային կալանքի, հայտնում է Todo Noticias-ը:

Դատավորի կարծիքով՝ հաշվի առնելով, որ Բուդուի դատավճիռը չի հաստատվել բոլոր վերադաս ատյանների կողմից, նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության համավարակի պայմաններում նախկին պաշտոնյան կարող է պատիժը կրել իր տանը:

Նախկին փոխնախագահին Արգենտինայի մայրաքաղաքում գտնվող իր տուն կտանեն էլեկտրոնային ապարանջան հագցրած:

Բուդուն 2018 թվականի օգոստոսին մեղավոր էր ճանաչվել կաշառք ստանալու եւ «պետական պաշտոնի հետ անհամատեղելի գործունեություն վարելու» մեջ: Դատավորը հանգել էր այն եզրակացության, որ ամբաստանյալը էկոնոմիկայի նախարարը եղած ժամանակ (2009-2011) աջակցություն է ցույց տվել Ciccone Calcografica մասնավոր տպագրական ընկերությանը եւ փրկել սանանկանալուց՝ ընկերությունում բաժնեմաս ստանալու դիմաց: Դատավճռի հրապարակումից հետո նախկին փոխնախագահին տեղափոխել էին բանտ:

Բուդուն անցյալ տարվա օգոստոսին նաեւ պայմանական 3 տարվա էր դատապարտվել փաստաթղթերի կեղծման գործով: Արգենտինական օրենսդրության համաձայն՝ պայմանական ժամկետ նշանակվում է միայն այն դեպքում, եթե դա առաջին մեղադրական դատավճիռն է: Այսպիսով եթե վերադաս ատյանները հաստատեն Բուդուի նկատմամբ կայացված բոլոր դատավճիռները, նրան կարող է սպառնալ ընդհանուր ավելի քան 8 տարվա բանտարկություն:

Նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիշների (2007-2015) կառավարությունում պետական պաշտոններ զբաղեցրած Բուդուն անցնում է եւս մի քանի դատական գործերով: Նրան կասկածում են փողեր լվանալու եւ ձեռնարկատերերից կաշառքներ ստանալու մեջ:

Հեշթեգներ: Արգենտինա  


Վերնագիրի այլ պիտակները