Իտալական քաղաքում տղամարդկանց և կանանց օրեր են սահմանել խանութ գնալու համար

17:42   07 Ապրիլ 2020    337

Իտալիայի Բերգամո նահանգի Կանոնիկա դ'Ադդա քաղաքի քաղաքապետը կորոնավիրուսի համաճարակի ֆոնին բնակիչներին կարգադրել է գնումներ կատարել տղամարդկանց և կանանց համար սահմանված օրերին, գրում է ria.ru-ն։

Քաղաքապետարանի կարգադրության համաձայն՝ տղամարդիկ կարող են խանութներ այցելել շաբաթական չորս անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի: Մնացյալ երեք օրերին՝ կանայք։

Քաղաքապետ Ջանմարիա Չերեայի որոշումը դժգոհությունների ալիք է բարձրացրել քաղաքացիների և Facebook-ի օգտատերերի շրջանում, որոնք քաղաքապետին մեղադրել են սեքսիզմի համար։

Հրապարակված փաստաթղթում ասվում է, որ հանրային առողջապահության հետ կապված իրադրությունն անհրաժեշտ է ամրապնդել «մարդկանց թվի կրճատման միջոցով, որոնք միաժամանակ տնից դուրս են գալիս խանութներ»։

Մարտի 10-ից Իտալիայի ամբողջ տարածքում կարանտինային միջոցներ են սահմանվել։

Վերջին տվյալներով՝ Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 132 547 դեպք, մահացել է 16 523 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 349 584 դեպք, 74 806-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 286 655 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները