Ս. Արաբիան ՕՊԵԿ+-ին առաջարկել է արդյունահանումը կրճատել օրական 10 մլն բարելով՝ առանց G20 երկրները հաշվի առնելու

19:57   08 Ապրիլ 2020    279

ՕՊԵԿ քարտուղարությունը ՕՊԵԿ+ երկրներին ներկայկացրել է առաջիկա ամիսներին նավթի շուկայի զարգացման սցենարներ այն դեպքում, եթե երկրները համաձայնվեն նավթի արդյունահանումը օրական 10 մլն բարելով կրճատել, հայտնում է Energy Intelligence գործակալությունը:

ՕՊԵԿ-ն ավանդաբար շուկայի զարգացման ամփոփում է ներկայացնում նախարարների հանդիպումից առաջ: Նման վերջին հաշվետվությունը 2 սցենար էր պարունակում: Դրանցից առաջինը հաշվարկված էր նավթի արդյունահանման սահմանափակման բացակայության պարագայում եւ հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի օրական 12 մլն բարել նավթի արդյունահանումը՝ նախկին 9,7 մլն բարելի փոխարեն: Երկրորդ սցենարով ՕՊԵԿ+-ի բոլոր երկրները, ներառյալ Ռուսաստանը, մինչեւ տարեվերջ արդյունահանումը կրճատում են օրական ամբողջ 10 մլն բարելով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս սցենարները, սակայն, չեն վկայում, որ բանակցությունների նախօրեին Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ կոնսենսուս է ձեռք բերվել: ՕՊԵԿ+-ի ներսում քվոտաների տեղաբաշխման ոչ մի վերջնական առաջարկ դեռեւս չկա, պնդում են ՏԱՍՍ-ի աղբյուրները: Ավելին՝ գործընկերները պետք է որոշեն ոչ միայն կրճատման անհատական ծավալները, այլեւ մակարդակը, որից անհրաժեշտ է կրճատել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նավթագործների հետ խորհրդակցության արդյունքներով ելույթ ունենալիս ասել է, որ որպես մեկնարկային մակարդակ առաջին եռամսյակում կարելի է վերցնել արդյունահանման միջին մակարդակը, Սաուդյան Արաբիան հանդես է գալիս ապրիլի սկզբի մակարդակի կտրվածքով:

Եթե ապրիլի 9-ի նիստում երկրներին չհաջողվի համաձայնության գալ, ապա ՕՊԵԿ-ում ակնկալում են, որ երկրորդ եռամսյակում նավթի գլոբալ առաջարկը պահանջարկը կգերազանցի օրական 14,7 մլն բարելով: Սա արդեն երկրորդ եռամսյակի վերջին կհանգեցնի պահելու համար ազատ հզորություններ չունենալուն:

ՕՊԵԿ-ի կանխատեսմամբ՝ 2020 թվականին նավթի գլոբալ պահանջարկը կնվազի օրական աննախադեպ 6,8 մլն բարելով, իսկ երկրորդ եռամսյակում՝ օրական 11,9 մլն բարելով: Այս կանխատեսումներն ավելի լավատեսական են, քան այլ վերլուծաբանների գնահատականները, որոնք ենթադրում են, որ առաջարկը պահանջարկը գերազանցել է օրական արդեն 20 մլն կամ անգամ 30 մլն բարելով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՕՊԵԿ  


Վերնագիրի այլ պիտակները