ԱՄՆ-ն վերանայում է ԱՀԿ-ի ֆինանսավորման ծավալը, քանի որ չի տեսնում ակնկալվող արդյունքը

09:53   09 Ապրիլ 2020    266

ԱՄՆ-ն վերանայում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ֆինանսավորման ծավալը, քանի որ չի տեսնում ակնկալվող արդյունքը։

Այս մասին ապրիլի 9-ին լրագրողներին հայտնել Է պետքարտուղար Մայք Պոմպեոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Այս պահին մենք վերանայում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորման ծավալը։ Նրանք պետք է հասնեն այն արդյունքներին, որոնց համար դրանք նախատեսված են։ ԱՀԿ-ի դեպքում մենք չենք տեսնում, որ այն հասել է ակնկալվող արդյունքին»,- նշել է նա։

Ընդ որում` Վաշինգտոնը դեռ չի պնդում, որ կազմակերպության ղեկավարությունը պետք է փոխվի։

«Հիմա ժամանակը չէ նման փոփոխություններ իրականացնելու համար։ Դեռ շատ ժամանակ կլինի հետհայացք գցելու և հասկանալու համար, թե ինչպես է ԱՀԿ-ն կատարում իր աշխատանքը», - ընդգծել է Պոմպեոն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույն ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ անցյալ տարի ԱՄՆ-ն ԱՀԿ-ին վճարել է 452 մլն դոլար, մինչդեռ Չինաստանը՝ ընդամենը 42 մլն դոլար: Ամերիկացի առաջնորդը հաստատել է, որ մտածում է ԱՀԿ-ի ֆինանսավորման կրճատման մասին։

«Մենք կքննարկենք այդ հարցը և կորոշենք` ինչ պետք է անենք։ ԱՀԿ-ում շատ սխալներ են գործել», - ընդգծել է նա։

Թրամփն ավելի վաղ լրագրողների հետ հանդիպման ընթացքում քննադատել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որը, նրա խոսքով, ֆինանսավորվում է հիմնականում ԱՄՆ-ի հաշվին, սակայն կենտրոնացած է Չինաստանի վրա: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը չի բացառել, որ Վաշինգտոնը կդադարեցնի ԱՀԿ-ի ֆինանսավորումը:

«Նրանք (Խմբ.՝ կազմակերպության ներկայացուցիչները) քննադատում էին իմ կողմից սահմանած ԱՄՆ (կորոնավիրուսի էպիկենտրոն դարձած երկրներից քաղաքացիների) մուտքի արգելքը: Նրանք սխալվեցին: Նրանք շատ հարցերում սխալվեցին: Թվում է՝ նրանք շատ են կենտրոնանում Չինաստանի ուղղությամբ»,- հայտնել է Թրամփը:

ԱՀԿ-ի եվրոպական ստորաբաժանման տնօրեն Հանս Կլյուգեն՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՀԿ բյուջե ուղղվող աջակցության դադարեցման մասին մտադրությունը հայտնել էր, որ «աշխարհը ներկայում գտնվում է COVID-19-ի համավարակի դեմ պայքարի վճռական փուլում, և այս օրերին չի կարելի կրճատել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տրամադրվող ֆինանսավորումը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները