ԵՄ-ն 20 մլրդ եվրո կհատկացնի աշխարհում COVID-19-ի դեմ պայքարի համար

10:04   09 Ապրիլ 2020    244

Եվրամիությունն ավելի քան 20 մլրդ եվրո կհատկացնի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում գործընկեր երկրներին օգնելու համար:

Այս մասին ապրիլի 8-ին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ ամփոփելով զարգացման նախարարների հետ տեսակոնֆերանսի արդյունքները, հայտնում է գերատեսչության Twitter-ի էջը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

ԵՄ-ի զարգացման նախարարները տեսակոնֆերանսի միջոցով ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել ամբողջ աշխարհում COVID-19-ի հետևանքների քննարկման համար և աջակցություն հայտնել Team Europe փաթեթի գործարկմանը՝ համավարակի և դրա հետևանքների դեմ պայքարում գործընկեր երկրներին օգնություն տրամադրելու նպատակով։

«Համավարակը կարող է լուծվել միայն միացյալ, արագ և վճռական գործողությունների միջոցով, որոնք մենք ներկայացնում ենք այսօր»,- ընդգծել է Բորելը:

Team Europe օգնության փաթեթը կուղղվի «առավել խոցելի երկրների» աջակցությանը, մասնավորապես՝ Աֆրիկա, Ասիա, Լատինական Ամերիկա, ինչպես նաև Եվրամիության հարևան Արևելյան գործընկերության և Բալկանների երկրներին:

Գումարը կուղղվի մարդասիրական օգնության, առողջապահության, ջրամատակարարման և սանիտարական համակարգերի ամրապնդմանը, ինչպես նաև համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների մեղմացմանը:

Հատկացվող գումարը գոյանում է Եվրահանձնաժողովի, ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև Եվրոպական ներդրումային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ռեսուրսներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները