Ռուսաստանի ադրբեջանցիները կոչ են արել թույլ չտալ ԼՂ «նախագահի երդմնակալության արարողության» անցկացումը

11:59   21 Մայիս 2020    343

ՌԴ-ում գործող ադրբեջանական հասարակական կազմակերպությունների ղեկավարները և բազմանդամ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները դիմել են Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, երկրի կառավարությանը և խորհրդարանին, պետական կառույցներին, համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին, ինչպես նաև Ռուսաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին՝ վճռականապես դատապարտելով հայկական օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական հողերում «նախագահական ընտրությունների» անցկացումը և անջատողական ռեժիմի «նախագահի երդմնակալության արարողությունը», որը նախատեսվում է անցկացնել մայիսի 21-ին Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի Շուշա քաղաքում», - հաղորդում է AZRU-ն՝ Ռուսաստանի ադրբեջանցիների միասնական պորտալը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ուղերձում ասված է.

«Ղարաբաղը Ադրբեջան է: Արդեն մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ հանդես են եկել «նախագահական ընտրություններ» կոչվող այդ շոուն դատապարտող հայտարարություններով՝ դրանով իսկ աջակցելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

Մենք՝ Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիներս, տվյալ քայլը գնահատում ենք որպես Ադրբեջանի օկուպացված հողերում անջատողական ռեժիմի և օկուպանտ երկրի՝ Խոջալուի ցեղասպանությունն իրականացրած Հայաստանի հանցավոր գործունեության շարունակություն, վճռականապես դատապարտում ենք այդ սադրիչ և հանցավոր գործողությունները:

Համապատասխան ատյաններին և համաշխարհային հանրությանը կոչ ենք անում շտապ կարգով միջամտել այս հարցին՝ անջատողական ռեժիմի անօրինական «նախագահի երդմնակալության արարողության» անցկացմանը խոչընդոտելու նպատակով»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները