Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9434, մահվան՝ 139 նոր դեպք

14:08   23 Մայիս 2020    225

Ռուսաստանի 84 շրջանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 9434 նոր դեպք, մահացել է 139, հիվանդանոցներից դուրս գրվել՝ 8111 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։

Հայտնի է, որ նոր վարակակիրներից 3966-ի մոտ (42 տոկոս) հիվանդությունը որևէ կլինիկական ախտանշաններով չի արտահայտվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Աղբյուրը մանրամասնում է, որ անցյալ օրը վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Մոսկվայում՝ 3190, այնուհետև Մոսկվայի մարզում ՝ 846, Սանկտ Պետերբուրգում՝ 363, Ռոստովի մարզում՝ 353, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 211, Սվերդլովսկի մարզում՝ 171, Կրասնոյարսկի երկրամասում՝ 148, Դաղստանում՝ 127 դեպք։

Համավարակի սկզբից երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 335 882-ի, հիվանդությունից մահացել է 3388, ապաքինվել՝ մոտ 107 936 մարդ։ Ռուսաստանն այժմ աշխարհում կորոնավիրուսի ամենաշատ վարակակիրների թվով երկրորդ երկիրն է և հաջորդում է միայն ԱՄՆ-ին, որտեղ գրանցվել է վարակման ավելի քան 1,6 միլիոն դեպք։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 5,3 միլիոն մարդ, որից 340 286-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ-ին և Ռուսաստանին հաջորդում են Բրազիլիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները