WSJ. ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ընկերություններին տարիներ են անհրաժեշտ վերականգնվելու համար

10:29   25 Մայիս 2020    414

Թերթաքարային նավթի արդյունահանման ուղղությամբ մասնագիտացած ամերիկյան ընկերությունները համաշխարհային շուկայում էներգակիրների գնանկումից հետո, ամենայն հավանականությամբ, կվերականգնվեն նվազագույնը մի քանի տարվա ընթացքում:

Այսպիսի գնահատական է ներկայացված The Wall Street Journal պարբերականի էլեկտրոնային տարբերակում կիրակի հրապարակված հոդվածում:

Լրագրողների անցկացրած հարցմանը մասնակցած փորձագետների եւ ճյուղի ներկայացուցիչների կարծիքով՝ նշված ընկերությունները նոր կորոնավիրուսի առաջացրած պահանջարկի անկման լույսի ներքո չեն կարողանա մոտ ժամանակում վերադառնալ արդյունահանման նախկին ծավալներին: «Ամենայն հավանականությամբ, տարիներ կանցնեն, մինչ նրանք կրկին կհասնեն նույն մակարդակին, եթե դա ընդհանրապես երբեւէ տեղի ունենա»,- նշված է հրապարակման մեջ: Հոդվածում արձանագրվում է, որ դա, մասնավորապես, պայմանավորված է այս ոլորտում կապիտալ ծախսերի զգալի կրճատմամբ:

Ըստ պարբերականի գնահատականների՝ ԱՄՆ-ում 15 խոշորագույն ընկերություններ, որոնք մասնագիտացած են թերթաքարային նավթի արդյունահանման ուղղությամբ, նոր հանքավայրերի մշակման իրենց բյուջեները կրճատել են միջինը 48 տոկոսով: Հոդվածում ընդգծվում է, որ Wood Mackenzie հետազոտական ընկերության տվյալներով՝ «առանց նոր հանքերի համար միջոցների հատկացման՝ շատ ընկերությունների արդյունահանման ծավալները միայն մեկ տարում 30-50 տոկոսով կնվազեն»:

Ինչպես նշել է էներգետիկ ոլորտում ամերիկացի հայտնի փորձագետ Դենիել Երգինը, որը IHS Markit վերլուծական գործակալության հիմնադիրներից մեկն է, թերթաքարային նավթ արդյունահանող ամերիկյան ընկերությունների համար «փետրվարի ցուցանիշները բարձրակետային էին»: Նրա կանխատեսմամբ՝ հաջորդ տարվա ամռանը ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ընդհանուր ծավալները կկազմեն օրական մոտ 9 մլն բարել, ավելի ուշ կաճեն օրական մինչեւ 11 մլն բարելի: Ինչպես արձանագրվում է հրապարակման մեջ, ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը ավելի վաղ ակնկալում էր, որ 2021 թվականի սկզբին երկրում նավթի արդյունահանման ծավալները հասնելու են օրական գրեթե 13,5 մլն բարելի:

Երգինի կարծիքով՝ նույնիսկ էներգակիրների գնաճի դեպքում ամերիկյան ֆինանսական ընկերություններն առաջիկա տարիներին ավելի քիչ պատրաստակամություն կունենան ներդրումներ կատարելու թերթաքարային նավթի արդյունահանման մեջ, քան նախկինում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները