Հս. Կորեայի ռազմածովային ուժերը մոտ ժամանակներս կարող է համալրվել նոր հրթիռային սուզանավով

18:58   25 Մայիս 2020    233

Հյուսիսային Կորեայի ռազմածովային ուժերի կազմում մոտ ժամանակներս հնարավոր է նոր հրթիռային սուզանավ հայտնվի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Yonhap գործակալությունը՝ հարավկորեական հետախուզական աղբյուրներին հղումով:

«Մեր տվյալներով՝ սուզանավը պատրաստ է ԿԺԴՀ ռազմածովային ուժերը համալրելուն: Մենք ուշադիր հետևում ենք գործընթացին»,- իր աղբյուրների խոսքը մեջբերել է գործակալությունը:

Այսպիսով, ըստ հարավկորեական հետախուզության, ոչ ատոմային հրթիռային սուզանավը կառուցվել է Հյուսիսային Կորեայի արևելյան ափի Սինփհո քաղաքում գտնվող ռազմական նավաշինարանում: Սուզանավը կարող է ունենալ 3000 տոննա ջրատարողունակություն և զինված է երեք նոր Pukguksong-3 միջին հեռահարության բալիստիկ հրթիռներով: 2019 թվականի հոկտեմբերին տեղի է ունեցել այս հրթիռի առաջին փորձարկումը:

Նոր հրթիռային սուզանավը կարող է ներառվել ԿԺԴՀ-ի ռազմավարական ուժերի կազմում, որի զինանոցում այսօր ներառված են ռմբակոծիչներ և միջուկային մարտագլխիկներով հրթիռներ:

ԶԼՄ-ները նոր սուզանավի հայտնվելը կապում են 2019 թվականի վերջին Փհենյանի արած հայտարարության հետ, ըստ որի «Հյուսիսը մոտ ապագայում կարող է նոր ռազմավարական զենք ներկայացնել»:

Նշվում է, որ ԿԺԴՀ ռազմածովային ուժերի կազմում այժմ գտնվում է շուրջ 70 հնացած սուզանավ: Ըստ հարավկորեական հետախուզության՝ դրանք չեն կարող գործել Հյուսիսային Կորեայի տարածքային ջրերից դուրս:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՀյուսիսայինԿորեա  


Վերնագիրի այլ պիտակները