Կարանտինից հրաժարումը Շվեդիայում մասշտաբային ճգնաժամ է առաջացրել․ Bloomberg

16:46   26 Մայիս 2020    244

Չնայած կորոնավիրուսի համավարակի ընթացքում կարանտինից հրաժարվելուն, Շվեդիան բախվել է տնտեսական խիստ անկման և աճող գործազրկության հետ, ինչը կարող է զանգվածային ճգնաժամի հանգեցնել, գրում է Bloomberg- ը:

Ապրիլին երկրի գործազրկության մակարդակը, հաշվի առնելով սեզոնային տատանումները, հասել է 7,9% -ի, ինչը կանխատեսումներից ավել է եղել: Սեզոնային գործոնները չհաշված, ցուցանիշը կազմել է 8.2%: Երկրում ցուցանիշների վատթարացման վրա ամենից շատ ազդել են զբոսաշրջության և ռեստորանային ոլորտները:

Սակայն, պարբերականի վերլուծաբան Յոհանա Յենսոնի կարծիքով, իրավիճակը կարող է վատթարանալ: Նա գործազրկության աճ է կանխատեսում մինչև 17%, եթե մոտ ապագայում պահանջարկը չավելանա:

Երկրի իշխանությունները մտադիր են օրինագիծ ընդունել, որը կօգնի գործատուներին հեշտությամբ աշխատանքից ազատել աշխատակիցներին։ Փաստաթուղթը մշակվում է 2018 թվականից:

Այս նախաձեռնությունը դժգոհություն է առաջացրել արհմիությունների և ընդդիմադիր ուժերի մոտ: Վերջիններս պատրաստ են անվստահություն հայտնել երկրի վարչապետ Ստեֆան Լևենին:

Չափավոր կուսակցության առաջնորդ Ուլֆ Քրիսթերսոնը օրինագիծը տասնամյակների ընթացքում աշխատողների վրա ամենամեծ հարձակումն է անվանել:

«Հուսով եմ, որ կառավարությունը բավականաչափ իմաստնություն կունենա մի իրավիճակում, երբ այդքան մարդ կորցնում է աշխատանքը, և կանտեսի նման առաջարկները», – ասել է նա:

Կորոնավիրուսային համավարակի պատճառով խիստ սահմանափակումներ կիրառելուց Շվեդիան հրաժարվեց: Չնայած վարակի տարածմանը, երկրում շարունակում էին գործել սպասարկման ոլորտի ձեռնարկությունները, դպրոցները և մանկապարտեզները: Իշխանությունները միայն կոչ էին անում բնակիչներին նախազգուշական միջոցներ ձեռնարկել:

Ներկայումս երկրում գրանցվել է ավելի քան 34 հազար վարակված, որոնցից ավելի քան չորս հազար մարդ մահացել է: Վարակվածների և զոհերի քանակով երկիրը մի քանի անգամ գերազանցում է իր հարևաններ Դանիային, Նորվեգիային և Ֆինլանդիային:

Hayatsk.info

Հեշթեգներ: Bloomberg  


Վերնագիրի այլ պիտակները