Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զանգվածային միջոցառումների անցկացման նոր ուղեցույց է ներկայացրել

13:59   01 Հունիս 2020    208

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր ուղեցույց է հրապարակել կորոնավիրուսի համավարակի ընթացքում զանգվածային հավաքների անցկացման կանոնների վերաբերյալ:

Ինչպես հայտնում է CNN-ը, ուղեցույցը մի շարք հնարավոր փոփոխություններ է ներկայացնում խոշոր միջոցառումների համար, երբ դրանց անցկացումը կրկին կթույլատրվի:

Ըստ ուղեցույցի՝ հավաքները բացօթյա միջավայրում անցկացնելը, առողջ մարդկանց այցելությունների և ուղևորությունների սահմանափակումները կարող են օգնել վիրուսի տարածումը կանխելու հարցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կորոնավիրուսի համատեքստում զանգվածային հավաքները կարող են ուժեղացնել վիրուսի տարածումը և խախտել ընդունող երկրի՝ արձագանքման կարողությունները: Սակայն մեծ միջոցառումները կարող են նաև օգտակար լինել, ինչպես օրինակ՝ զբաղվածություն ապահովել և բարելավել հոգեբանական ինքնազգացողությունը»,- ասվում է ուղեցույցում:

ԱՀԿ-ն միջոցառումների կազմակերպիչներին հորդորում է համապատասխան պայմաններ ապահովել հավաքների ժամանակ, ինչպես օրինակ՝ մեծացնել տրանսպորտի երթևեկության հաճախականությունը, հատուկ հեռավորությամբ դասավորել նստատեղերը՝ ըստ տարածության, ինչպես նաև միջոցառումները կազմակերպել բացօթյա տարածքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Առողջապահության-համաշխարհային-կազմակերպությունը  


Վերնագիրի այլ պիտակները