ICAO-ն հանձնարարականներ է մշակել ավիաուղեւորների համար

20:42   02 Հունիս 2020    322

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի նպատակով խորհուրդ է տալիս օդանավում ուղեւորների միջեւ մեկ մետր հեռավորություն պահպանել, պաշտպանական դիմակներ կրել եւ չափել ջերմությունը:

Համապատասխան հանձնարարականները նրանք մշակել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Օդային տրանսպորտի միջազգային կազմակերպության (IATA) հետ համատեղ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ ICAO-ի՝ ավիաուղեւորները օդանավակայան ժամանելիս պետք է իրենց հետ ունենան առողջական վիճակի մասին տեղեկանք, այնտեղ պետք է չափեն նրանց ջերմությունը: Թռիչքի ավարտից հետո կրկին պետք է չափեն նրանց ջերմությունը:

Կազմակերպությունը նաեւ հանձնարարում է հնարավորինս խուսափել ֆիզիկական շփումներից, օրինակ՝ անվտանգության ստուգման ընթացակարգի ժամանակ, ինչպես նաեւ օգտագործել էլեկտրոնային, այլ ոչ թե թղթե տոմսեր:

ICAO-ն ուղեւորներին խորհուրդ է տալիս պաշտպանական դիմակներ կրել օդանավակայանում լինելիս եւ ամբողջ թռիչքի ժամանակ: Օդանավում ուղեւորները պետք է աշխատեն իրենց տեղերից հնարավորինս քիչ հեռանալ, հարկ է խուսափել զուգարանի մոտ հերթերի գոյացումից: ICAO-ի հանձնարարականները պարտադիր չեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները