Սպիտակ տանն ընդունել են ԱՄՆ-ում համակարգային ռասիզմի առկայությունը

10:18   03 Հունիս 2020    251

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Քելիեն Քոնուեյը աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ երկրի մի շարք քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների ֆոնին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ում գոյություն ունի համակարգային ռասիզմ։

«Միանգամայն ճիշտ է, որ ԱՄՆ-ում գոյություն ունի համակարգային ռասիզմ, և որ չկա հավասարություն բոլոր մարդկանց համար։ Կարծում եմ՝ դրանում կասկած չկա»,- ասել է Քոնուեյը, որի խոսքը մեջբերում է Washington Examiner պարբերականը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ես շատ ուրախ եմ, որ Արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել։ Տեսնենք՝ ինչ կստացվի»,- ասել է Քոնուեյը՝ հավելելով, որ «այն, ինչ արվել է Ջորջ Ֆլոյդի նկատմամբ, սպանություն էր»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել նախորդ շաբաթ սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա պարանոցը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։ ԱՄՆ մի շարք քաղաքներում պարետային ժամ է սահմանվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները