Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հուղարկավորությունը

13:59   03 Հունիս 2020    193

Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում ոստիկանի կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հաջորդ երկուշաբթի՝ Հյուսթոնում, երեքշաբթի նա կհուղարկավորվի քաղաքի գերեզմանատներից մեկում:

Համապատասխան տեղեկությունը երեքշաբթի հրապարակվել է Fort Bend Memorial Planning Center թաղման բյուրոյի Facebook-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում է, որ աֆրոամերիկացու հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունիսի 8-ին՝ Հյուսթոնի The Fountain of Praise եկեղեցում: Հաջորդ օրը տեղի կունենա անձնական ծառայություն Ֆլոյդի ընտանիքի անդամների և ընկերների համար․ դրա անցկացման վայրը չի հրապարակվում: Այնուհետև Ֆյոլդը կհուղարկավորվի Հյուսթոնի արվարձաններից մեկում գտնվող գերեզմանատանը։

Հուղարկավորության բյուրոյի ներկայացուցչի խոսքով՝ Ֆլոյդը ծնվել և մեծացել է Հյուսթոնում:

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։

Նվազագույնը 11 մարդ է մահացել ԱՄՆ-ում տեղի ունեցող ցույցերի և անկարգությունների հետևանքով․ զոհերը Չիկագոյի (Իլինոյիս նահանգ), Դետրոյթի (Միչիգան), Օմահայի (Նեբրասկա), Դևենպորտի (Այովա), Օքլենդի (Կալիֆոռնիա) և Լուիսվիլի (Կենտուկի) բնակիչներ են: Նրանց մեծ մասն աֆրոամերիկացիներ են։ Ձերբակալվել է մոտ 4,4 հազար մարդ: Նրանց մեղադրում են դիակապտության, պարետային ժամը խախտելու, ճանապարհները փակելու համար: Նշվում է, որ անկարգություններով պայմանավորված՝ ԱՄՆ մոտ 40 քաղաքում, այդ թվում՝ Վաշինգտոնում, Լոս Անջելեսում և Նյու Յորքում, պարետային ժամ է սահմանվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները