Այսօր Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրն է

09:22   04 Հունիս 2020    222

1982 թվականի օգոստոսի 19-ին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը Պաղեստինի վերաբերյալ հարցով իր արտահերթ հատուկ նստաշրջանում, «ցնցված լինելով Իսրայելի ագրեսիայի գործողությունների զոհ դարձած պաղեստինցի եւ լիբանանցի անմեղ երեխաների վիթխարի թվով», իր բանաձեւով (№ ES–7/8) որոշել է ամեն տարի հունիսի 4-ին նշել Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը (International Day of Innocent Children Victims of Aggression):

Օրը նշվում է 1982 թվականի հունիսի 4-ին Բեյրութի եւ Լիբանանի մի շարք այլ բնակավայրերի վրա իսրայելական օդուժի կողմից առաջին օդային հարձակման տարելիցին, որի ընթացքում մեծ թվով խաղաղ բնակիչներ էին զոհվել, որոնց թվում կային նաեւ երեխաներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տխուր իրականությունն այն է, որ զինված հակամարտությունների առաջացման դեպքում ռազմական գործողությունների հետեւանքով ամենից շատ տուժում են հասարակության առավել խոցելի անդամները՝ երեխաները: Երեխաների նկատմամբ իրականացվող 6 ամենատարածված իրավախախտումներն են երեխաների հավաքագրումը եւ օգտագործումը ռազմական գործողություններում, սպանությունները, սեռական բռնությունը, առեւանգումները, դպրոցների եւ հիվանդանոցների վրա հարձակումները, ինչպես նաեւ երեխաներին հումանիտար օգնություն տրամադրելու անհնարինությունը:

Եվ որպեսզի հանրությունը չմոռանա, որ պատերազմների ժամանակ ոչ միայն զինվորներ են մահանում, ՄԱԿ-ը հիմնադրեց Ագրեսիայի անմեղ զոհ դարձած երեխաների միջազգային օրը, իսկ այդ օրվա նպատակը ֆիզիկական բռնության, բարոյահոգեբանական եւ հոգեւոր մշակման ենթարկվող աշխարհի բոլոր երեխաների ցավը եւ տառապանքները զգալու փորձն է: Այս օրը հաստատում է ՄԱԿ-ի պարտավորությունները նրանց իրավունքների պաշտպանության հարցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները