Իտալիան և Գերմանիան վերականգնում են միջազգային ավիաչվերթները

10:30   04 Հունիս 2020    226

Միլանի, Հռոմի և Նեապոլի օդանավակայանները տևական կարանտինային ռեժիմից հետո վերականգնել են միջազգային ավիաչվերթները, որոնց ընթացքում ուղևորները պարտադիր պետք է դիմակներ կրեն և պահեն սոցիալական հեռավորություն, հայտնում է eadaily.com կայքը։

Գերմանիան նույնպես բացում է սահմանները, սակայն երկրի արտգործնախարար Հայկո Մաասը զգուշացնում է, որ չվերթների իրականացման թույլտվությունն ամենևին էլ չպետք է ընկալվի որպես շրջագայության մեկնելու հրավեր։

«Հասկանում եմ, որ այս որոշումը մեծ հույսեր ու սպասումներ է առաջացնում։ Սակայն կցանկանայի հիշեցնել, որ նախազգուշացումները արգելք չեն նշանակում, իսկ թույլտվությունը դեռևս շրջագայության մեկնելու հրավեր չէ։ Չպետք է լիարժեք անվտանգության զգացողություն ունենանք։ Համավարակի ավարտին դեռևս շատ կա։ Եվ մենք միասին չպետք է թողնենք, որ զբոսաշրջության ոլորտի վերաբացումը ո՛չ Գերմանիայում և ո՛չ էլ որևէ այլ երկրում համավարակի երկրորդ ալիքի հանգեցնի»,- ընդգծել է նա։

Նշվում է, որ Ֆրանսիան պատրաստվում է զբոսաշրջային սեզոնը հունիսի 21-ից բացել, սակայն խոսքը միայն ներգնա զբոսաշրջության մասին է։ Կառավարությունը քաղաքացիներին այս տարի խորհուրդ է տալիս հանգիստը երկրում կազմակերպել և խուսափել արտերկրյա ճանապարհորդություններից։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 6,5 միլիոն մարդ, որից 388 047-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների և մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Բրազիլիան, Ռուսաստանը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Հնդկաստանը, Գերմանիան, Պերուն, Թուրքիան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները