Լուկաշենկոն նոր կառավարությունից պահանջել է նվազեցնել Բելառուսի կախվածությունը Ռուսաստանից

17:07   04 Հունիս 2020    304

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի կառավարության նոր կազմի հետ հանդիպման ժամանակ պահանջել է դիվերսիֆիկացնել իրացման շուկաները:

Sputnik Беларусь-ի փոխանցմամբ՝ նախագահը նշել է, որ տնտեսական աճը պետք է հիմնվի արտահանման և արտաքին պահանջարկի վրա:

«Չկա արտահանում` չկա արժույթ: Առհասարակ մեկ երկրի շուկայից կախվածության հարցը պետք է վերջնականապես լուծել: Մենք չենք կարող 50-55%-ով կախված լինել անգամ եղբայրական Ռուսաստանից: Մենք պետք է դիվերսիֆիկացնենք շուկաները»,-ասել է Լուկաշենկոն:

Նա հիշեցրել է, որ նախկինում արդեն որոշումներ են կայացվել մերձավոր և հեռավոր երկրներ արտահանման զարգացման և նոր շուկաների որոնման վերաբերյալ, և մատնանշել է այս ուղղությամբ «լուրջ շարժի» անհրաժեշտությունը:

Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսի տնտեսությունը բաց է, սակայն հարկավոր է քայլեր ձեռնարկել սեփական շուկան պաշտպանելու ուղղությամբ:

«Մեր ներքին շուկան մեծ չէ, բայց այն ինչ-որ մեկին տալ էլ չի կարելի: Սա այն հարցն է, որը դրված է կառավարության առաջ, և այն կառավարությունն այդ հարցը չլուծեց»,-հավելել է նախագահը:

Նա նախարարների կաբինետն անվանել է «տնտեսական շտաբ և կարևոր որոշումների մշակման կենտրոն», իսկ հիմնական նպատակը «կայուն հավասարակշռված տնտեսական աճի հասնելն է ՝ միջինից բարձր տեմպերով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները