Forbes-ը հրապարակել է ամենից բարձր վարձատրվող հայտնիների ցանկը

20:44   04 Հունիս 2020    280

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող հայտնիների վարկանշային ցանկը, որը գլխավորել է ամերիկուհի մոդել Քայլի Ջեները՝ 590 մլն դոլար եկամուտով:

Առաջատար եռյակում Ջեներին հաջորդել են ռեփեր Քանյե Ուեսթը՝ 170 մլն դոլարով և թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը՝ 106.3 մլն դոլարով: Ընդհանուր առմամբ, վարկանիշի բոլոր մասնակիցները 6.1 մլրդ դոլար են վաստակել, որը 200 մլն դոլարով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ թեև Ջեները «տարիներ շարունակ չափազանցրած է ներկայացրել իր բիզնեսի ծավալները, իր կոսմետիկ պարագաների ընկերության 51 տոկոս մասնաբաժնի վաճառքից ստացված փողերն իրական են»:

Մեկ այլ մարզիկ, Կրիշտիանու Ռոնալդուն (4-րդ հորիզոնական՝ $105 մլն-ով) դարձել է մարզական թիմի առաջին խաղացողը, որը 1 մլրդ դոլար է վաստակել իր կարիերայի ընթացքում: Իսկ թենիսիստուհի Նաոմի Օսական (90-րդ հորիզոնական) մեկ տարվա եկամուտով ռեկորդ է սահմանել մարզուհիների շրջանում:

Ցանկում հինգերորդը Լիոնել Մեսսին է, որի տարեկան եկամուտը կազմել է $104 մլն: Առաջին տասնյակում են ընդգրկվել դերասան Թայլեր Փերին, ֆուտբոլիստ Նեյմարը, ռադիոհաղորդավար Հովարդ Շտերնը, բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը, դերասան Դուեյն Ջոնսոնը:

Ամենից շատ վաստակած հայտնիների ցանկում տեղ են գտել նաև Էլեն Դեջեներեսը, Արիանա Գրանդեն, Էլթոն Ջոնը, Ռայան Ռեյնոլդսը, Էդ Շիրանը, Թեյլոր Սվիֆթը, Թայգեր Վուդսը, Ջոան Ռոոլինգը, Բեն Աֆլեքը, Վին Դիզելը, Ջենիֆեր Լոպեսը, Փինկը, Դևիդ Կոպերֆիլդը, Ռիհաննան և ուրիշներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները