Ավելի քան 34 000 զոհ. Բրազիլիան կորոնավիրուսից մահվան դեպքերի թվով գերազանցել է Իտալիային

10:45   05 Հունիս 2020    248

Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում կորոնավիրուսը շարունակում է ակտիվորեն տարածվել․ մեկ օրվա ընթացքում Covid-19-ից ավելի քան 1000 մահվան դեպք է գրանցվել միանգամից երեք երկրում՝ Բրազիլիայում, Մեքսիկայում, ԱՄՆ-ում։

Բրազիլիան, իր հերթին, մահվան ելքով դեպքերի ցուցանիշով գերազանցել է Իտալիային, հայտնի է դառնում Worldometers.info տեղեկատվական կայքից։

Բրազիլիայում նախօրեին կորոնավիրուսից մահացել է 1492, Մեքսիկայում՝ 1092, ԱՄՆ-ում՝ 1031 մարդ։ Բրազիլիայում համավարակի հետևանքով ընդհանուր մահացել է 34 039 մարդ։

Այս ցուցանիշով հարավամերիկյան այս երկիրն առաջ է անցել Ֆրանսիայից, Իսպանիայից, Իտալիայից և աշխարհի մակարդակով հայտնվել է երրորդ հորիզոնականում՝ հաջորդելով ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային։

Վարակակիրների թվով Բրազիլիան երկրորդ տեղում է և հաջորդում է ԱՄՆ-ին։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ աշխարհում ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6,7 միլիոն դեպք, որից ավելի քան 392 000-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից արդեն ապաքինվել է 3,2 միլիոն մարդ, բուժումը շարունակում է մոտ 3 միլիոնը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները