Թրամփի և Բայդենի շտաբների վրա հաքերային հարձակման փորձեր են եղել. Google

18:41   05 Հունիս 2020    324

Google ընկերությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և այս տարվա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին նրա գլխավոր հակառակորդ Ջոզեֆ Բայդենի նախընտրական շտաբների համակարգչային համակարգերի վերահսկողությունը վերցնելու ուղղությամբ հաքերային փորձեր է ֆիքսել:

Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Google ընկերության կիբերանվտանգության բաժնի ղեկավար Շեյն Հանթլին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ Բայդենի շտաբի վրա հաքերային հարձակումները կատարվել են Չինաստանից, իսկ Թրամփի շտաբի վրա` Իրանից: Հաքերները կարող են կապ ունենալ իրենց երկրների ղեկավարության հետ:

Google-ում վստահեցնում են, որ հաքերների հաջողության հասնելու մասին ոչ մի վկայություն չկա: Միևնույն ժամանակ Հանթլին շտաբներին մի քանի կարգադրություններ է տվել, թե ինչպես պետք է վարվել նմանատիպ իրավիճակներում:

«Եթե դուք քարոզչությամբ եք զբաղվում, ձեր անձնական համարները կարող են կոտրվել: Օգտագործեք հնարավորինս լավ պաշտպանություն: Երկգործոն նույնականացումը կամ ուժեղացված անվտանգությունը իսկապես կարող են փոխել իրավիճակը»,-ասել է Հանթլին:

Նա տեղեկացրել է նաև, որ ընկերությունը հաքերային հարձակումների մասին տեղեկացրել է այն օգտատերերին, որոնց դա կարող էր վերաբերել, ինչպես նաև իրավապահ մարմիններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները