ԱՄՆ-ում հայտարարել են, որ միշտ դիտարկում են Իրանի դեմ ռազմական սցենարը

18:46   01 Հուլիս 2020    195

Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երբեք թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ, և ԱՄՆ-ն դա կանխելու համար «միշտ դիտարկում է» ռազմական սցենարը, գրում է Axios-ը։

«Զենքի էմբարգոյի երկարաձգման հարցում, որն արդեն գործում է 13 տարի, մենք ելնում ենք ազգային անվտանգության շահից»,- հայտարարել է Հուկը իսրայելական Channel 13 հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նշել է, որ «հույս ունի, որ Ռուսաստանն ու Չինաստանը, որպես ՄԱԿ ԱԽ անդամներ կաջակցեն ԱՄՆ-ին, քանի որ «նույնպես ցանկանում են Մերձավոր Արևելքը տեսնել խաղաղ և կայուն»:

Հուկը հավելել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) լքելու ԱՄՆ-ի որոշումը սխալ չի եղել:

«Գործարքից դուրս գալը ճիշտ որոշում էր։ Հարցը, որ մենք տալիս ենք մեզ ամերիկյան ժողովրդի անունից հետևյալն է՝ ո՞րն է Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը կանխելու լավագույն միջոցը։ Եվ պատասխանը ԳՀՀԾ-ն չէ։ Մենք, ինչպես նաև նախագահը հստակ ասել ենք, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, և ռազմական տարբերակը միշտ դիտարկվում է։ Նախագահը թույլ չի տա նրանց միջուկային զենք ունենալ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ 2018թ.-ի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015թ.-ին կնքված համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Համաձայնագիրը նախատեսում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման դիմաց Թեհրանի կողմից միջուկային մշակման սահմանափակում:

Ուղիղ 1 տարի անց Իրանը հայտարարել էր 60 օրվա ընթացքում ծրագրի որոշ կետերի պարտավորությունների կատարումը դադարեցնելու մասին: ԳՀՀԾ-ի պարտավորություններից մասնակի հրաժարումն Իրանի կողմից ԱՄՆ-ի՝ առանց եվրոպական երկրների հավանության միջուկային ծրագրից դուրս գալուն ի պատասխան առաջին քայլն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները