Չինաստանի իշխանությունները գիտնականների՝ «համավարակ դառնալու մեծ ներուժ ունեցող» նոր վիրուսի մասին հետազոտությունը համոզիչ չեն համարել

20:05   01 Հուլիս 2020    188

Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ չինացի գիտնականների հետազոտությունն այն մասին, որ խոզի գրիպի նոր տեսակը կարող է համավարակ առաջացնել, բավականաչափ համոզիչ չէ։

«Փորձագետներն այն եզրակացությանն են եկել, որ այդ հետազոտության մեջ առկա տվյալների ծավալը բավարար չէ, և այն համոզիչ չէ»,- մեջբերում են նրա խոսքերն արևմտյան լրատվամիջոցները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Միևնույն ժամանակ Լիցզյանը հավաստիացրել է, որ իշխանություններն ու փորձագետները կշարունակեն հետևել այդ հիվանդության զարգացմանը, զգուշացումներ կհրապարակեն և անհրաժեշտության դեպքում ժամանակին քայլեր կձեռնարկեն դրա դեմ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Չինաստանում գիտնականները վիրուսի նոր տեսակ են հայտնաբերել, որը, նրանց խոսքով, «համավարակ դառնալու մեծ ներուժ ունի»։ Վիրուսը, որը կոչվում է G4 EA H1N1, փոխանցվում է խոզերի միջոցով, ասված է նոր հետազոտական հոդվածում։

Գիտնականների համաձայն՝ քանի որ սա վիրուսի նոր տեսակ է, մարդիկ, ամենայն հավանականությամբ, թույլ իմունիտետ կամ վատագույն դեպքում՝ իմունիտետ չեն ունենա դրա նկատմամբ։

Նրանց պնդմամբ՝ հիշյալ վիրուսը նման է խոզի գրիպին, սակայն որոշ էական տարբերություններ կան այդ երկու վիրուսների միջև։

Հետազոտողները նաև հայտարարել են, որ G4 EA H1N1 անվանումով նոր վիրուսը դեռևս մեծ տարածում չի գտել Չինաստանում, սակայն առկա են վկայություններ այն մասին, որ տեղական սպանդանոցների աշխատողների և խոզաբույծների շրջանում մեծանում է վարակակիրների թիվը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները