ԱՄՆ-ում կոչ են անում արգելել դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի կիրառումը

10:06   03 Հուլիս 2020    191

Հաշվողական տեխնիկայի ասոցիացիան (ACM)՝ համակարգչային ոլորտում ամենամեծ եւ ամենահին միջազգային կազմակերպությունը, օրենսդիրներին խնդրել է անհապաղ դադարեցնել պետական գործակալությունների եւ մասնավոր ընկերությունների կողմից դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի կիրառումը:

Պատճառը փաստաթղթավորված էթնիկ, ռասայական եւ գենդերային կողմնակալությունն է, որ դրսեւորում են այս համակարգերը: ԱՄՆ տեխնոլոգիական քաղաքականության հանձնաժողովի (USTPC) հրապարակած նամակում մի խումբ հեղինակներ խոստովանում են, որ ապագայում այս տեխնոլոգիան կդառնա ավելի լավը, բայց դեռեւս այն «բավական հասուն չէ» եւ սպառնում է մարդու իրավունքներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նման կողմնակալության հետեւանքները հաճախ դուրս են գալիս անհարմարության շրջանակներից եւ հանգեցնում են լուրջ վնասի, մասնավորապես, ժողովրդագրական որոշակի խմբերի, այդ թվում՝ բնակչության առավել խոցելի հատվածների անձանց կյանքի, ունեցվածքի եւ հիմնական իրավունքների հանդեպ»,- ասվում է հայտարարության մեջ:

Նախկինում նման հայտարարություններ էին անում ավելի քիչ թվով եւ ազդեցիկ կազմակերպություններ, ինչպիսիք են Ամերիկայի քաղաքացիական ազատությունների պաշտպանության միությունը կամ Ալգորիթմական արդարադատության լիգան, սակայն առաջին անգամ դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի արգելքի աջակցությամբ հանդես է գալիս մի ասոցիացիա, որը միավորում է համակարգչային տեխնիկայի մոտ 100 000 մասնագետների, հայտնում է HighTech+-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները