Telegram-ը չի բացահայտի օգտատերերի տվյալները Հոնկոնգում Պեկինի խնդրանքով

19:23   06 Հուլիս 2020    237

Telegram-ը ազգային անվտանգության մասին օրենքի պատճառով կմերժի Չինաստանի Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի դատարանների հայցերն օգտատերերի տվյալները տրամադրելու վերաբերյալ, հայտնում է Hong Kong Free Press պորտալը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:

Պարբերականը նշում է, որ Telegram ի հայտարարությունն արվել է այն ֆոնին, որ ազգային անվտանգության մասին օրենքի ընդունման պատճառով հոնկոնգցիները սկսել են հրաժարվել որոշ մեսենջրների եւ սոցիալական ցանցերի օգտագործումից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք հասկանում ենք Հոնկոնգից օգտատերերի անձնական կյանքի գաղտնիության պահպանման կարեւորությունը ... Telegram-ը մտադրություն չունի ընդունել որեւէ հարցում հոնկոնգցի օգտատերերի տվյալների վերաբերյալ, քանի դեռ միջազգային համաձայնություն ձեռք չի բերվել քաղաքում շարունակվող քաղաքական փոփոխությունների մասով»,- պորտալին հայտարարել է մեսենջերի տեխնիկական ապահովման ներկայացուցիչ Միխայիլ Ռավդոնիկասը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ընդ որում, նա նշել է, որ Telegram-ը համագործակցելու է իշխանությունների հետ ահաբեկչությանն առնչվող հարցերի շուրջ: «Եթե Telegram-ը ստանա դատարանի որոշումը, որում հաստատված կլինի, որ դուք կասկածվում եք ահաբեկչական գործողություններին մասնակցության մեջ, մենք կարող ենք հայտնել ձեր IP հասցեն եւ հեռախոսահամարը իրավասու մարմիններին»,- հավելել է Ռավդոնիկասը:

Նա ընդգծել է, որ Telegram-ը նախկինում որեւէ օգտատիրոջ տվյալ չի փոխանցել Հոնկոնգի իշխանություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Telegram  


Վերնագիրի այլ պիտակները